20 ապրիլի 2022 - 11:48 AMT
Ալիևը շրջադարձային է համարում Բաքվի 5 կետն ընդունելու Երևանի դիրքորոշումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շրջադարձային կետ է համարել երկու երկրի հարաբերությունների կարգավորման համար Բաքվի առաջ քաշած 5 սկզբունքն ընդունելի համարելու Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին նա ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, դրական եմ համարում Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ Ես ասել եմ այդ մասին հանրությանն ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բաց խոսեց կարգավորման գործընթացի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքների ընդունելի լինելու մասին։ Դա իրոք ևս մեկ շրջադարձային պահ է գործընթացում։ Կարծում եմ, որ դրանք դրական մեկնաբանություններ են»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա, երկու կողմերի այս պաշտոնական հայտարարություններից հետո Բաքուն և Երևանը պետք է ապացուցեն իրենց մտադրությունների լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ։

Ալիևը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է սկսել աշխատանքը սահմանային հանձնաժողովների և խաղաղ պայմանագրի գծով աշխատանքային խմբերի ստեղծման ուղղությամբ։ «Կարևոր է, որ մենք շարունակենք այս առաջընթացը և որ երկու կողմերը պահպանեն համաձայնությունները»։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: