21 ապրիլի 2022 - 11:01 AMT
Ապրիլի 23-ին՝ ջահերով երթ Ստեփանակերտում

Ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթը, որը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին: Այդ մասին ասվում է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հայտարարության մեջ։

«Մեր թշնամիների ծրագրում 1915-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։

Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը:

Մասնակցի՛ր Ջահերով երթին: Ապացուցի՛ր, որ չես հանձնվում: Ցո՛ւյց տուր, որ Արցախն ապրում է և ապրելու է:

Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ մեր միասնությունը, ուստի խնդրում ենք անպայման մասնակցել Ջահերով երթին:

Արցախի ճակատագիրը քո՛ ձեռքում է…»,-ասվում է հայտարարության մեջ։