4 ապրիլի 2009 - 13:22 AMT
Գերմանիայի ազգային համայնքներն Օբամային կոչ են արել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը
«Mor Gabriel միաբանություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որում ներգրավված են Գերմանիայի հայկական, հունական, սիրիական (արամեական), ալեւիտական եւ քրդական համայնքների ներկայացուցիչները, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային»` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Թուրքիայում գտնվող միաբանությունն իր իսկական տերերին` Սիրիայի արամեական եկեղեցուն վերադարձնելու կոչով:
«Թուրքիան հենց ձեր այցի օրերին մտադիր է «պաշտոնապես» իրացնել 1600-ամյա պատմություն ունեցող Mor Gabriel-ը: Քրիստոնյա արամեականներից խլում են Թուրքիայում իրենց ներկայության վերջին վկայությունը: Այդ իրադարձությունը մեզ շատ է անհանգստացնում, քանի որ մենք Թուրքիայում քրիստոնեական ներկայության ոչնչացմանն ուղղորդված իրադարձությունների վկաներն ենք, եւ դրան սկիզբ է տրվել 1915 թվականին հայերի կոտորածով: Ինչ վերաբերում է արամեականներին, հույներին եւ եզդիներին, ապա նրանք առ այսօր հետապնդման են ենթարկվում: Թուրքական ազգայնամոլությունն ուղղված է բոլոր այն համայնքների դեմ, որոնք թուրքաիսլամական չեն: Ժամանակին Դուք, որպես սենատոր, Սուդանում խաղաղ բնակիչների բնաջնջումն անվանեցիք ցեղասպանություն, ինչպես նաեւ պահանջեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Մեր գերմանական հետպատերազմյան փորձը սովորեցրել է, որ միայն անցյալի անվայլ արարքների ընդունման միջոցով կարելի է հասնել զարգացմանն ապագայում եւ նպաստել տարբեր մշակույթների խաղաղ գոյակցությանը, ինչի վառ օրինակն է Գերմանիան», -ընդգծվում PanARMENIAN.Net-ի ստացած նամակում:
Նամակը ստորագրել են` Գերմանիայում արամեականների ֆեդերացիան, Գերմանիայում հայերի կենտրոնական կոմիտեն, Եվրոպայում Պոնտի հույների ասոցիացիաների ֆեդերացիան, Քրդստանից ասոցիացիաների ֆեդերացիան, Գերմանիայում հունական համայնքների ասոցիացիան, Եվրոպայում Դերսիմ համայնքների ֆեդերացիան: