Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ Հայաստանի հետ առաջիկայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսվեն խաղաղ համաձայնագրի վրա։
«Մենք մտադիր ենք բանակցել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ միայն մեր առաջարկած 5 հիմնարար սկզբունքի հիման վրա։ Այժմ ԱԳ նախարարությունները ձևավորում են աշխատանքային խմբերը։ Կարծում եմ, որ առաջիկայում հարկ կլինի կոնկրետ բանակցություններ սկսել և հարկավոր չէ շատ երկար վարել դրանք, քանի որ խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել միայն 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։ Համաձայնագրի տեքստը կարող է մոտ ժամանակներս պատրաստվել և ստորագրվել»,-ասել է նա աշխարհի ադրբեջանցիների համագումարում, որն անցնում է Շուշիում։
Ըստ նրա, այդպիսով կարող են կապեր հաստատվել Ադրբեջանի և ՀՀ միջև, այդ թվում՝ դիվանագիտական, գրում է Interfax.az-ը։
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների բացակայությունը։
«Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ չունի Ադրբեջանի հանդեպ որևէ տարածքային պահանջ և չի ունենա ապագայում։ Կարծում եմ, դա կարևոր է հետկոնֆլիկտային շրջանի համար։ Ռևանշիստական ուժերը, որոնք երբեմն գլուխ են բարձրացնում ՀՀ-ում, պետք է իմանան, որ սա Հայաստանի համար միակ ելքն է, կարելի է ասել՝ միակ շանսը։ Եթե մերժեն, մենք էլ չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պաշտոնապես կհայտարարենք այդ մասին»,-ասել է Ալիևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմագարի հարցին, հաստատել է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, «մանավանդ որ, դե յուրե, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992-ին՝ ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագիրը վավերացնելով»։ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է։
«Հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», - ասել է նա՝ հավելելով, որ օրակարգի այս լրացմամբ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին ու այս դիրքորոշումն արձանագրվել է Բրյուսելում։