4 ապրիլի 2009 - 15:40 AMT
Հայ-թուրքական սահմանի փակումն ապօրինի էր
Ամերիկացի, թուրք եւ հայ դիվանագետները տարածել են այն փաստաթղթի պարունակությունը, որը, եթե հավատանք անանուն աղբյուրներին, ստորագրվելու է ապրիլի 16-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Համաձայնագիրը պարունակում է հետեւյալ կետերը. Թուրքիան բացում է Հայաստանի հետ սահմանը եւ նրա հետ հաստատում դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանը համաձայնում է երկու երկրների միջեւ առկա բոլոր խնդիրների հետազոտման համար միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը, Միացյալ Նահանգները ձեռնպահ են մնում հրապարակավ գործողություններից, որոնք վերաբերում են Թուրքիայի եւ Հայաստանի պատմության վիճելի պահերին, գրում է The Armenian Reporter-ը:

Խմբագրական հոդվածում նշվում է, որ եթե Թուրքիան իսկապես բացի սահմանը եւ համաձայնի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, դա կլիներ ճիշտ ուղղությամբ մի քայլ: «Սահմանի փակումն ապօրինի էր: Հայաստանն եւ արեւելյան շրջանները միայն կշահեն սահմանի բացումից: Կաճի նաեւ Թուրքիայի հեղինակությունը որպես տարածաշրջանային առաջնորդ: Բացի այդ, եթե Թուրքիան իսկապես բացի սահմանը, դա կնշանակի, որ նա չի խառնում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Նման փոփոխությունը դրական քայլ կլիներ տարածաշրջանային կայունության եւ ինտեգրման ճանապարհին»,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակների կարծիքով, Հայաստանի համար խնդիրը կայանում է նրանում, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ` միեւնույն ժամանակ հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: «Իսկ Թուրքիան պետք է հրաժարվի ապրիլի 24-ի ամենամյա Հայաստանի համար վիրավորական հայտարարություններից եւ իսկապես կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծվում է հոդվածում: