16 մայիսի 2022 - 18:23 AMT
Սանոսյանը` Իրանում․ Սյունիքի ճանապարհը բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա

Աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է, որ Սյունիքի ճանապարհն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։ Երկկողմ արձանագրվել են առկա խնդիրները և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու այդ խոչընդոտները, որպեսզի երկու երկրի միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում։ Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։

Քննարկվել են նաև ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։