17 մայիսի 2022 - 17:42 AMT
Չավուշօղլու-Բլինքեն սպասվող հանդիպմանը կարող է անդրադարձ լինել հայ-թուրքական գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով Նյու-Յորք է մեկնել և այնտեղ կլինի մինչև մայիսի 19-ը, առանձին հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում հնարավոր է օրակարգ բերվի հայ-թուրքական գործընթացը, գրում է Ermenihaber-ը` Turkiyegazetesi-ին հղումով։

Այցի շրջանակում Չավուշօղլուն նաև մասնակցելու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ կայանալիք պարենային անվտանգության հարցերով համաժողովին:

Նշվում է` Վաշինգտոնը հայատարարել է, որ իրենք աջակցել են Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Վաշինգտոնը թուրքական կողմին տեղեկացրել է, որ իրենք ողջունում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար ընթացող բանակցությունները:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Նյու-Յորքում կհանդիպի նաև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» էր անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որը թվվով 3-ն է, տեղի է ունեցել մայիսի 3-ին` Վիեննայում։