Ռեզերվային պատճենահանման համար լուծումներ մշակող ամերիկյան Veeam Software ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին և առաջարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետներին Հայաստան տեղափոխվել, գրում է ՌԲԿ-ն։
«Երկարաձգվող հակամարտության և դրա հետ կապված օպերատիվ խնդիրների պատճառով ժամանակն է կայացնել այս դժվարին որոշումը։ Մենք ափսոսանքով հայտնում ենք, որ դադարեցնում ենք բոլոր օպերացիաները Ռուսաստանում»,-ասվում է ընկերության ղեկավարության նամակում։
Veeam-ի մշակումների և հետազոտությունների բաժինը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում։
Նշվում է, որ Պետերբուրգից որոշ ՏՏ մասնագետներին, որոնք ցանկանում են շարունակել աշխատանքն ընկերությունում, ղեկավարությունն առաջարկել է տեղափոխվել Հայաստան։
Veeam Software-ը երկու գրասենյակ ունի Պետերբուրգում և մեկը՝ Մոսկվայում։
Մայիսին գերմանական TeamViewer ընկերությունը, որը ծրագրային ապահովում է մշակել համակարգիչներում հեռավար գործողությունների համար, հայտարարել է ՌԴ-ից և Բելառուսից հեռանալու մասին։ Մի շարք ՏՏ ընկերություններ ևս հայտարարել են ՌԴ-ից հեռանալու մասին, այդ թվում՝ Microsoft-ը, Oracle-ը, Cisco-ն և SAP-ը։