7 հունիսի 2022 - 15:27 AMT
Փրայս․ ԱՄՆ-ն շահագրգիռ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել է, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև ԵՄ վերջին ջանքերին՝ երկու երկրների մերձեցման ուղղությամբ:

«Սա այն է, ինչի մասին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել խոսելու երկու երկրների ղեկավարների հետ վերջին օրերին ու շաբաթներին։ Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք խթանել»,- ասել է Փրայսը։

Հաջիևը հանդիպել է նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։