Ադրբեջանում Sputnik գործակալության գլխավոր խմբագրին այլևս թույլ չեն տա աշխատել երկրում։ Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը մերժել է Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին և նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին երկարացնել երկրում աշխատելու թույլտվությունը։
Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն Sputnik Ադրբեջան գործակալության գլխավոր խմբագիրն է։ Նրա ամուսինը նույն գործակալությունում աշխատում է որպես պրոդյուսեր, գրում է Haqqin.az-ը։
Այս տեղեկությունը հաստատել է Պետական միգրացիոն ծառայության հանրության հետ կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ աշխատանքի թույլտվությունը երկարացնելու տվյալ անձանց հայտը մերժվել է։ Դա ինքնաբերաբար զրոյացնում է նաև կացության իրավունքը։
Ավելի վաղ Ադրբեջանում արգելափակել էին ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության կայքը, որտեղ հունիսի 3-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ծավալուն հարցազրույցը։
Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Նա հավելել է, որ երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը։
Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԻԱ Նովոստին հեռացրել է Բեգլարյանի հարցազրույցը։