Պաշտոնական այցով Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն «միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան»՝ անցնելով ՀՀ տարածքի միջով, ասել է, որ ՀՀ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները:
«Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։
Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,-ասել է վարչապետը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային ռեժիմը հիմնված կլինի Հայաստանի տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։