14 հունիսի 2022 - 12:04 AMT
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ Միջնորդությունը մերժվել է

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը մերժել է նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Ասլանյանի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 10-ին։ Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի փոփոխվի Ասլանյանի խափանման միջոցը:

Դատավոր Մարտին Արզումանյանը հայտարարել է, որ միջնորդությունը մերժվում է և Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ, տեղեկացնում է «Առավոտը»։

Հունիսի 11-ին հրավիրված դատական նիստի ժամանակ ինչպես փաստաբաններն այնպես էլ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էին, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ կալանքի տակ պահելն անհիմն է, քանի որ նախաքննության ընթացքում որևէ վկա Ասլանյանի դեմ ցուցմունք չի տվել. «Վկաների մեջ չկա գեթ մեկ ցուցմունք, որը կարար ինձ հակադրվեր ու ես կարող էի խոչընդոտել: Մանավանդ, որ մինչև հոկտեմբերի 10-ը ես եղել եմ համայնքի ղեկավար և այդ ժամանակ կարող էի և խոչընդոտել, և քրեական գործին վերաբերվող որևէ նյութ չտալ»,- ասել էր Ասլանյանը:

Ասլանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: