16 հունիսի 2022 - 15:41 AMT
Մարկեդոնով․ Արևմուտքը դադարել է աշխատել ՌԴ-ի հետ ԼՂ հարցում

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում կայացած խորհրդաժողովի ժամանակ ասել է, որ Արևմուտքը դադարել է աշխատել ՌԴ-ի հետ հայ-ադրբեջանական կարգավորման և ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։

Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան գործընթացը միշտ տարբերվել է մյուս հետխորհրդային հակամարտություններից այն առումով, որ Ռուսաստանն ու Արևմուտքը միշտ համագործակցել են Ղարաբաղի հարցում, ի տարբերություն մյուս խնդրահարույց թեմաների, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այսօր տեսնում ենք այդ տրամաբանության փոփոխությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել համանախագահների մակարդակով։ Արևմուտքը չի ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում տեսանելի է նոր ձևաչափի կայացումը՝ Բրյուսելյան»,-ասել է Մարկեդոնովը՝ նկատի ունենալով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մի քանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Մարկեդոնովի տեսակետից, պարադոքսալ կերպով, այն ամենն, ինչ ասում է Միշելը, չի մերժվում Մոսկվայի կողմից։ Ըստ նրա՝ բանն այն է, որ ի սկզբանե այդ ամենն ասում էր Մոսկվան, սակայն տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ն ընդհանրապես չի եղել բանակցություններում, թեև ՌԴ-ն շատ ավելի մշակումներ ունի կարգավորման համար։

Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ Մարկեդոնովն ասել է, որ ԼՂ կարգավորման հարցում շատ բան կախված է ֆոնային գործոններից՝ դինամիկայի սիրիական ուղղությունում, այն բանից, կպայմանավորվեն ՌԴ-ն ու Թուրքիան, թե՝ ոչ։ Ըստ նրա՝ այդ համատեքստում, Ռուսաստանի համար գլխավորը Թուրքիայի հետ բաց հակամարտության մեջ չմտնելն է։

Մարկեդոնովը վստահ է, որ նման առճակատման դեպքում, Արևմուտքը միանշանակ կսատարի Թուրքիային, անկախ բազում տարաձայնություններից։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասել է, որ կարևոր արդյունքներից է ԼՂ կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։