16 հունիսի 2022 - 18:22 AMT
ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Փաշինյանի օգնական Վարդապետյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հաստատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Կոնջորյանը վստահ է՝ Վարդապետյանն ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողություններն ու լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու:

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։