22 հունիսի 2022 - 10:39 AMT
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

Հունիսի 20-ին Ռուսաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների՝ փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հայտնում է Factor.am-ը։

հանձնաժողովը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետը Շահին Մուստաֆաևը։

Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը կայացել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում:

Ընդլայնված կազմով նոր հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Հունիսի 3-ին Մոսկվայում տևական դադարից հետո, կայացել էր հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ և երեք երկրներում ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։ Ռուսաստանի կառավարությունն այդ հանդիպումից հետո առանց մանրամասներ հրապարակելու հայտարարել էր, թե կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ հարցերի շուրջ։