4 հուլիսի 2022 - 12:43 AMT
Նախագիծ․ Տուգանված լցակայանները կպարտավորվեն «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակ փակցնել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում, եթե լիցքավորման կայանները թերի լիցքավորում կատարեն և դրա համար տուգանվեն, պարտավորվելու են տեսանելի հատվածում «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» գրություն փակցնել այդ մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանը։

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ,

Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը,

Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ»,-ասվում է գրառման մեջ։ ‌