Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանող նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։
Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման 4 ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում։
Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։
Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ 4 մակարդակից որևէ մեկը.
1. տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է կիրառել համապատասխան կարողունակությունները,
2. ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է ստեղծագործաբար կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության,
3. տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր և այլն,
4. փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք՝ ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։
Կախված զարգացման ոլորտի շրջանակներում մասնագիտական ձևերի կարողունակության մակարդակներից՝ նախագծով առաջարկվում է տարբերակել մանկավարժի հետևյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ:
Դասավանդող ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։
Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։
Վերապատրաստող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։
Հետազոտող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտների պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։
Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։
Ըստ մանկավարժական վերոնշյալ չորս բնութագրերի՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ։