Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել։
Այն կնքվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ միջև։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել 1 այն հանգամանքը, որ այն համահունչ է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրին և մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը:
«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ. նախ՝ հստակ կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև, 2-րդ՝ մեծ բյուջեով՝ 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, ինչը 3 տարվա կտրվածքով ենթադրում է շոշափելի արդյունքներ, և ամենակարևորը՝ ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու՝ շեշտադրելով կարողությունների զարգացումը, նորարարության խթանումը, մշակույթի ոլորտում միջազգային երկխոսությունների կայացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով ծրագրի՝Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր մաս լինելու իրողությունը:
«Կատապուլտ» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը, զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը ևս կարևորել է համագործակցությունը և համատեղ ջանքերով նոր ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ այս հուշագրով ընդգծվում են առկա խնդիրներն ու բարդությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները:
«Կատապուլտ» ծրագրի շրջանակում Creative Armenia-ն կառաջնորդի իր ստեղծած և զարգացրած Artbox ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրերը: Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և ակսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին:
Ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կենսակայուն. ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը: