Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո։ Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ներկայացրել է պատճառները, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային 3 ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է 2-ական մարզիկ–մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից:
Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար»-ասել է մարզիչը։
Նա նշել է նաև, որ Օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի։