18 հուլիսի 2022 - 15:13 AMT
Շոգը կնահանջի հուլիսի 22-ից՝ 4-5 աստիճանով

Հուլիսի 17-ի ցերեկը Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև 40-41 աստիճան տաքություն, այդ ջերմաստիճանը պահպանվել է մոտ 2-3 ժամ՝ 15։00-ի սահմաններում ջերմաստիճանը հասել է 40-ի, մինչև 17։00-ն այդ 40-41 աստիճան տաքությունը պահապնվել է։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքն աստիճանաբար կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառն օդային հոսաքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն։

Ըստ կանխատեսումների, հուլիսի 22-25 օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի, արդեն հուլիսի 23-24-ին 38-40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվի մինչև 34-35 աստիճան ջերմություն, տեղեկացնում է Panorama.am-ը։

Սուրենյանը հավելել է, որ տեղումեր չեն սպասվում, որովհետև ներխուժած օդը շատ-շատ չոր է։

«Հուլիսի 22-ից սկսած մի փոքր տեղումների հավանականություն կա հյուսիսային շրջաններում, հատկապես Լոռի, Շիրակ, Տավուշ հատվածներում, որոնց հավանականությունը փոքր է, բայց չի բացառվում, որ առանձին բնակավայրերում կարճատև անձևրներ լինեն»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է առաջիկա օրերին, ապա Սուրենյանը հայտնել է, որ, ըստ կանխատեսումներ, մինչև հուլիսի 21-ը ներառյալ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երևանում և Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռնային մարզերում՝ մինչև 30-33 աստիճան։

«Միակ փոփոխությունը կլինի այն, որը, բնականաբար չի ազդի ջերմային ֆոնի վրա, հատկապես օրվա առաջին կեսին, մինչև կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, կեսօրից հետո կցրվի»,-ասել է նա։

Սուրենյանը նշել է, որ, քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չեն եղել, դրան ուղեկցում է բավականին բարձր ջերմային ֆոնը, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Հուլիսի 17-ին գրանցված ջերմաստիճանը չի գերազանցել մեր պատմական առավելագույնը. մեր պատմական ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականին հուլիսի 31-ին Մեղրիի հատվածում՝ 43,7 ատիճան, Երևանում՝ հուլիսի 17-ին 42,0։ Երեկ ունեցել ենք մինչև 41 աստիճան»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով, վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երևույթ, որովհետև գրեթե ամեն տարի կրկվում են, հատկապես շատ ինտենսիվ շոգեր էին գրանցել 2017, 2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում և Երևանում պահպանավել էր 10-15 օր։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000-ական թվականները 40 աստիճան Երևանում, Արարատյան դաշում միջինը դիտվում էր 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականներին գրեթե գրանցվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո տևում է ոչ թե 1-2 օր, այլ ջերմային ալիքի տևողությունը միջինը պահպանվում է մինչև 5-7 օր։

Հայաստանի տարածքն այժմ գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատային շրջաններից, ջերմային ալիքի ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից։ Հուլիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածը Հայաստանի ամենատաք գոտում՝ Արարատյան դաշտ, Արագածատոնի նախալեռնային գոտիներ, Երևան, ջերմաստիճանները ցերեկային ժամերին տատանվել են 38-40 աստիճանի սահմաններում, հուլիսի 17-ին ջերմային ալիքն ավելի է ինտենսիվացել, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բարձրացել է ևս 2-3 աստիճան։