23 հուլիսի 2022 - 12:20 AMT
Խովաևն ու Բայրամովը Բաքվում քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Բաքվում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։

«Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են տարբեր ուղղություններով Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Բայրամովն ու Խովաևը կարևորել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունների բոլոր դրույթների լիարժեք կատարումը՝ ի շահ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև կարևորել են բոլոր ջանքերի մոբիլիզացումը՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր: ‌