26 հուլիսի 2022 - 11:05 AMT
Բլինքենը կոչ է արել Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է նրան ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։

Պետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման ուղիներին աջակցելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։ Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պետքարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին:

Բլինքենը նշել է նաև, որ ԱՄՆ-ն 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և պատրաստ է համագործակցել ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու հասնելու Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: