10 ապրիլի 2009 - 12:48 AMT
Նազիկ Ավդալյանը Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել
Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն արծաթե մեդալ է նվաճել Բուխարեստում (Ռումինիա) ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ավդալյանը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 245 կիլոգրամ (պոկում-110, հրում-135), հավաքելով 289,7 միավոր:

Նազիկ Ավդալյանն իր նախորդ արդյունքը գերազանցել է 3 կգ-ով, բայց եւ չեմպիոնի տիտղոսը զիջել է ռուս ծանրորդուհի Օքսաննա Սլիվենկոյին, որը երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ: Բրոնզե մեդալին արժանացել է Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան:

Այդպիսով, Ավդալյանը Ծանրամարտի Հայաստանի հավաքականին երկրորդ մեդալն է բերել: Առաջինը նվաճել է Առաքել Միրզոյանը (69 կգ)` առաջին անգամ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: