10 ապրիլի 2009 - 13:01 AMT
Հայաստանի կառավարությունը 20 մլրդ դրամի պետական վարկային երաշխիքներ կտրամադրի շինարարներին
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ շինարարներին աջակցելու նպատակով պետական միջոցներից 20 մլրդ դրամի պետական վարկային երաշխիքներ կտրամադրվեն` կիսավարտ բնակելի շինարարական օբյեկտներն ավարտելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, որպես գրավ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գույքը:
Տրամադրվող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրավադրվող անշարժ գույքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գույքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունվելու 2 անկախ գնահատող ընկերությունների կողմից տրված շուկայական գների նվազագույնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչեւ 3 տարի ժամկետով: Տրամադրվող երաշխիքի գումարն այլ տեսակի գրավի դիմաց (բանկերում հաշիվների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացվելիության աստիճանից, կարող է հասնել գրավադրվող գույքի շուկայական գնի մինչ- 100%-ը: Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջվող վարկի միայն մայր գումարի համար: Կառուցապատողներին ներկայացվող պահանջները.
1.Առեւտրային բանկը պատրաստ է վարկավորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայության պարագայում, ինչը հավաստվում է առեւտրային բանկի կողմից պաշտոնական գրությամբ:
2.Կառուցապատման ենթակա օբյեկտի պատրաստվածության աստիճանը պետք է լինի առնվազն 75%, ինչը հավաստվում է գույքը գնահատող ընկերությունների կողմից:
Նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջարկվող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բավարարող հայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դեպքում` նախապատվությունը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների ավարտման աստիճանը առավելագույնն է - որոնց կառույցի 1 քառ.մ շուկայական արժեքը նվազագույնն է: Արդեն ապրիլի 14-ից շինարարները կարող են դիմել օպերատիվ շտաբ` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: