1 հուլիսի 2002 - 19:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՓԱՍՏԵՐԸ
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի հայկական եկեղեցիներում կատարվող բարբարոսության եւ պայթյունի փաստերը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Ստամբուլի հայկական եկեղեցիներում օրերս տեղի ունեցած միջադեպերը: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն նման դեպքերը կանխելու համար: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կապ կա այդ միջադեպերի եւ օրերս Ստամբուլում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ նախարարների հանդիպման միջեւ, մամուլի քարտուղարը նշել է, որ չի մտածում նման կապի առկայության մասին, եւ ամենայն հավանականությամբ, դրանք համընկել են ժամանակով: Նշենք, որ մինչ այդ, Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթը տեղեկացրել է , որ Ստամբուլի Կանդիլլի արվարձանում գտնվող հայկական եկեղեցում կատարվել է բարբարոսական ակտ: Օրերս էլ, Սեւծովյան Տնտեսական Համագործակցության վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Ստամբուլ կատարած այցի նախօրեին Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի է ունեցել պայթյուն: