11 ապրիլի 2009 - 16:23 AMT
Կյանքից հեռացել է 20 անգամ թենիսի Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը
61 տարեկան հասակում վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը : Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Ծատուրյանը վախճանվել է Բուլղարիայում, որտեղ Թենիսի Հայաստանի պատանեկան թիմը նրա ղեկավարությամբ ելույթ էր ունենում «Զարգացման մրցաշարում»:
Ալեքսանդր Ծատուրյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում թենիսի զարգացման գործում: 20 տարուց ավել եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի, Դեւիսի գավաթի թիմի մարզիչը: Աշխատել է այնպիսի շնորհալի թենիսիստների հետ, ինչպիսինն են Սարգիս Սարգսյանը, Հարություն Սոֆյանը, Աննա Գասպարյանը: Միջազգային եւ Եվրոպայի Թենիսի ֆեդերացիաների կողմից արժանացել է մի շարք մրցանակների եւ պատվոգրերի:
Ալեքսանդր Ծատուրյանը 1986-2007 թթ. եղել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 2007-ից` ՀԹՖ գլխավոր քարտուղար:
Ավելի քան 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ծատուրյանը եղել է նաեւ Եվրոպայի ֆեդերացիայի վետերանների կոմիտեի անդամ: Այս տարի ներկայացրել էր իր թեկնածությունը Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահության անդամ դառնալու համար:
Ալեքսանդր Ծատուրյանի վախճանի առնչությամբ իրենց ցավակցական նամակներ են ուղարկել Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտին եւ մի շարք երկրների թենիսի ֆեդերացիաներ:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին տեղի ժամանակով 18:00-ին Ավան համայնքի Սայաթ-Նովա 1/4 շրջան հասցեում: