3 սեպտեմբերի 2022 - 13:55 AMT
«Լոռի Բերդում» պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, խողովակաշարերը

«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր։

Հնագիտական աշխատանքները հիմնականում ընթանում են պարսպապատի և երկու բաղնիքների տարածքում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կառույցների ճարտարապետական տարբեր մանրամասներ, պատեր, հատակներ։ Պեղումների ընթացքում բացվել են բաղնիքների հիպոկաուստ հատակները, ջրամատակարարման համակարգի խողովակաշարերը, ջրավազաններ և այլն, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ժամանակաշրջանի կառույցների, կառուցվածքային առանձնահատկությունների մասին, գրում է Hushardzan.am-ը։

Հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական իրեր, որոնց թվում հասարակ և ջնարակված խեցեղեն, ծխամորճներ, մետաղադրամներ, ուլունքներ, զարդեր, բաղնիքի ծորակներ, նետասլաքներ, շքաղյուսներ։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։ ‌