17 սեպտեմբերի 2022 - 10:32 AMT
Սիմոնյան․ Կա ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կա ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում։

«Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ենթադրաբար, դա շատ արագ կլինի։

Աժ խոսնակն ասել է, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքից նրանց հաջողվել է դուրս շպրտել, բայց այս պահի դրությամբ դրանք ՀՀ սուվերեն տարածքում են, բայց բնակավայրեր չեն մտել:

«Բարեբախտաբար, որևէ բնակավայր չի գրավվել ու որևէ բնակավայրում հակառակորդ չկա»,-ասել է նա։

Խոսելով զոհերի մասին՝ նա հաստատել է հայկական կողմի 135 զոհի վերջին տվյալն ու չի բացառել, որ այդ թիվը կարող է ավելանալ, քանի որ անհետ կորածներ կան։

Ըստ Սիմոնյանի, ադրբեջանցիները պաշտոնապես մինչև 77 զոհի մասին են հայտնել, սակայն, այդ թիվը «եռակի կամ քառակի անգամ ավելին է»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։