22 սեպտեմբերի 2022 - 14:08 AMT
Զասի ու Ասրյանի հանդիպմանը քննարկվել են ստեղծված վիճակում ՀԱՊԿ-ի հնարավոր հետագա միջոցները

Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է ՀԱՊԿ առաքելության հետ, հանդիպել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է ստեղծված իրավիճակում կազմակերպության հնարավոր հետագա միջոցների ձեռնարկումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մանրակրկիտ քննարկվել է ՀՀ սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը։

Զասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է ժամանել գնահատելու ստեղծված իրավիճակը, զեկույց նախապատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներում լարվածության դեէսկալացիայի հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով։