Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը պատվիրակություն կուղարկի Հայաստան։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լեկորնյուի հանդիպումը։
«Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Ես հայտարարել եմ իրավիճակը գնահատելու նպատակով շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին »,– ասվում է Լեկորնյուի գրառման մեջ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։