28 հունիսի 2002 - 22:33 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԸՆԿԱԼՎԵԼ
Երեւանում նորմալ է ընկալվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական կոմիտեում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թերրի Դեվիդսին Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող նշանակելու մասին լուրը: Ինչպես «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, Թերրի Դեվիդսը ԵԽ-ում աշխատելու մեծ փորձ ունի: Մամլո քարտուղարի խոսքերով, դեռեւս անհայտ են ղարաբաղյան հակամարտութայն տարածաշրջան բրիտանական դիվանագետի այցի ժամկետները: Ներկայումս Հայաստանի ԱԳՆ-ում սպասում են Թերրի Դեվիդսի մանդատի ներկայացմանը: Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը նույնպես դրական կարծիք է հայտնել նոր զեկուցողի մասին` անվանելով նրան հեղինակավոր եւ օբյեկտիվ մարդ, որն ընդունակ է «անաչառ զեկույց պատրաստել ղարաբաղյան հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության հիման վրա»: Հատկանշական է, որ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները ինը ամիս շարունակ ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ զեկուցողի թեկնածության վերաբերյալ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: