28 հունիսի 2002 - 22:28 AMT
ԵԽԽՎ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՎԱՍՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԱԶՆԻՎ «ԽԱՂԸ»
Նախօրեին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանում ընդունվեց զեկույց` Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում փախստականների եւ ստիպողաբար վերաբնակվածների դրության մասին, որը ներկայացրել էր Շվեյցարիայի պատգամավոր Ռուտ-Գաբի Վերմոնտ-Մանհոլդը: Քննարկումների ընթացքում, ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանը քաղաքական նպատակներով շահարկում է այս հարցը եւ խեղաթյուրում փաստերը: Նշվել է, որ Ադրբեջանը օգտագործել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն կեղծ թվեր ներկայացնելու համար: Այդ ամենը իր անդրադարձն է գտել զեկույցում, որը ընդունվել է մի շարք ուղղումներով: Ի դեպ, հայկական կողմը չէր ներկայացրել եւ ոչ մի ուղղում: Հովհաննիսյանը հաղորդել է նաեւ, որ զեկույցում անհանգստություն է հայտնվում Հարավային Կովկասի երկրներում ավելի քան 1 միլիոն փախստականների առկայությամբ: Ադրբեջանում փախստականների թիվը նշված է` 120 հազար գումարած 570 վերաբնակեցված անձինք, Հայաստանում` 420 հազար եւ Վրաստանում` մոտ 200 հազար: Ընդ որում, նշվում է, որ հարյուր հազարվոր փախստականներ լքել են տարածաշրջանը եւ բնակվում են այլ երկրներում: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: