8 հոկտեմբերի 2022 - 14:53 AMT
ԱՄՆ Պետդեպ․ ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկու կողմի միջև վստահության ձևավորմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը, այն հուսադրող է անվանել։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Փաշինյանի, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

Նա նշել է նաև, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կնպաստի երկու կողմի միջև վստահության ձևավորմանը:

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ գործընթաց սկսելուն։ Մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության առաջընթացից։ Առաքելությունը կնպաստի երկու կողմերի միջև վստահության ձևավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին»,– ասել է Պատելը: ‌