10 հոկտեմբերի 2022 - 14:10 AMT
Ցույց՝ ՊՆ-ի մոտ․ Սեպտեմբերի 13-ից վիրավոր զինծառայողին չեն կարողանում տարհանել

Սեպտեմբերի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի Վահե Թորոսյանի հարազատներն ու մերձավորները, համագյուղացիները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ՝ հրամանատարը հարազատներին վստահեցրել է, որ Վահեի գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել է ՊՆ, բայց առայսօր նրան չեն հանել։ Այդ մասին ասել է զինծառայողի հայրը։

«Նախարարությունում էլ գիտեն կոնկրետ կոորդինատը, բայց ասում են տարածքն Արդբեջանի վերահսկողության տակ է անցել, բանակցություններ ենք վարում, որ թույլ տան մտնել: Ասել են՝ երբ վստահ լինենք, որ չեն կրակի, ԿԽՄԿ-ի մեր ու Ադրբեջանի ներկայացուցիչները կմտնեն: Ասացի թույլ տվեք ես իմ գյուղացիներով կմտնեմ, կհանեմ»,-ասել է հայրը, գրում է «Փաստինֆոն»։

Վահեի հարևանն էլ լրագրողներին ասել է, որ երիտասարդը երեք տեղից վիրավոր է և մոր հետ վերջին անգամ սեպտեմբերի 15-ի առավոտյան է խոսել:

«Մի քանի տեղից վիրավոր է, ինչքա՞ն պիտի դիմանա: Մայրն այս օրերին այնքան է փոխվել, անճանաչելի է դարձել: Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: 44-օրյայում ոչ մի զոհ մեր գյուղից՝ Լուսագյուղից չենք ունեցել, չէինք պատկերացնում, թե կարող է նման բան լինել: Թող մի բան անեն, հանեն տղաներին: Մենակ Վահեն չի, էլի կան: Մենք կարող ենք ծայրահեղ քայլերի գնալ՝ փակել նաև Արմավիրի մարզի ճանապարհը »,-նշել է վիրավոր զինծառայողի համագյուղացին:

Վահեի տատը ևս ոչ մեկից որևէ արդարացում չի ուզում լսել. պահանջում է արագ հանել թոռանը թշնամու հսկողության տակ անցած տարածքից:

«Ես իմ թոռանն եմ պահանջում, հանեք այնտեղից: 20 օր է՝ չենք կարողանում գտնել: 4-5 անգամ գնացել ենք հասել Կապան, բայց ոչ մի արդյունքի չենք հասել. Ոչ մի բան չեն անում: Ամսի 15-ին զանգել է, մորն ասել՝ մամ, հլա լսի... ու վերջ: Թոռանս ոնց ուզում եք հանեք»,-ասել է տատը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։