10 հոկտեմբերի 2022 - 18:01 AMT
Էրդողան․ Եվրոպան խնդիրներ կունենա ձմռանը ՌԴ-ից գազի մատակարարման սահմանափակման պայմաններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները ձմռանը դժվարություններ կունենան էներգետիկ ճգնաժամի պատճառով, որն առաջացել է ՌԴ-ից գազի մատակարարման սահմանափակման պատճառով։ Այդ մասին նա ասել է Ստամբուլում, թուրքական երիտասարդական հիմնախնդրի անդամների հետ հանդիպմանը։

«Եվրոպայի երկրներն այս ձմեռ զգալի դժվարությունների կբախվեն ՌԴ-ից գազի մատակարարման սահմանափակման պատճառով։ Հիմա ամբողջ Եվրոպան հարց է տալիս՝ «Ինչպե՞ս կանցնի այս ձմեռը»,-ասել է Էրդողանը, գրում է «Իզվեստիան» Anadolu-ի վրա հղումով։

Նա հավելել է, որ Թուրքիան ջեռուցման հետ կապված խնդիրներ չի ունենա, քանի որ երկրում բնական գազի և ածխի բավարար պաշարներ են կուտակվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս սեպտեմբերի 7-ին էր հայտարարել, որ եթե ՌԴ-ից էներգակիրների ներկրման սահմանափակումներ գործեն, ապա Արևմուտքին սպառնում է մատակարարումների լիակատար դադարեցում։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքի երկրները որոշել են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներին։ Սակայն դա նաև տնտեսական խնդիրներ է առաջացրել Արևմուտքում՝ վառելիքի, մթերքի և կոմունալ ծառայությունների գնաճի տեսքով։