11 հոկտեմբերի 2022 - 16:06 AMT
ԱԺ նախագահ․ Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ գործակցություն անվտանգային հարցերում

Եռօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում:

Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով։

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։ ։

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն», «Նոր մարդիկ», «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: