12 հոկտեմբերի 2022 - 17:51 AMT
Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են արել․ Համալսարանն 90 տարվա պատմություն ունի

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով այն նախագծի դեմ, որով նախատեսում են փակել համալսարանը՝ միացնելով այլ բուհերի։

Ավելի վաղ համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարությունը մտադիր է փակել համալսարանը։ «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»,-գրել էր նա։

«Հայտնի չէ, թե ինչ խնդիր են ուզում լուծել այս միավորումով, շատ հարցեր մնացել են անպատասխան»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել է համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ իրենք սպասում էին նախագծին, որ տեսնեին, թե կոնկրետ որ համալսարանը որի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում և ինչ հիմնավորմամբ:

«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք դրա մասին իմացել, և երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Համալսարանի աշխատակազմի, դասախոսական կազմի և ուսանողության կողմից անցկացվող բողոքի ալիքն այդ լուրի տարածումից հետո է առաջացել»,-նշել է Հարությունյանը։

Նա հայտնել է, որ այսօր համալսարանի աշխատակազմի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում։

«Այս հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել, մենք պետք է բարձրաձայնենք մեր մտահոգությունների մասին, պետք է լսեն և ուսանողների, և դասախոսների կարծիքը։

Այս համալսարանը գրեթե 90 տարվա պատմություն ունի, իր ուրույն դիրքն ունի թե բարձրագույն կրթական համակարգում, թե ընդհանրապես Հայաստանում, այն մեծ հեղինակություն է վայելում և չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը որևէ սցենարով միավորվի որևէ այլ համալսարանի հետ»,- ասել է ռեկտորը:

Հարությունյանն ուսանողներին և դասախոսներին խնդրել է վերադառնալ բնականոն աշխատանքի և մինչև շաբաթվա վերջ խնդրել հանդիպում՝ հասկանալու համար իրենց անելիքները։

Սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ, որտեղ կլինի ակադեմիական քաղաքը։ ՀՀ-ում գործում է 16 պետական բուհ։