ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է ՌԴ-ի, որպես ռազմավարական դաշնակցի, միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում:
Ներկայացնելով իրավիճակը՝ նա նշել է, որ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է և «խոսքն արդեն միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները մնում են չլուծված, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների»։
«Դուք լավ գիտեք, որ Մոսկվայում մեր հանդիպումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Ադրբեջանի զինուժի լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի տարածք, ընդ որում դրանք տարածքներ են, որ միայն շատ սուր երևակայության դեպքում կարող են կապվել սահմանազատման չավարտված գործընթացի հետ: Դրանք անխոս, աներկբա Հայաստանի սուվերեն տարածքներն են: Գիտեք, որ հրետանային հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակիչների շրջանում: Հենց ադրբեջանցիների կողմից տարածվել են հայ զինվորների սպանության տեսանյութեր»,-ասել է Միրզոյանը:
Հիշեցնելով, որ հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Միրզոյանն ասել է․ «Որոշ, կարելի է ասել չեզոք, ոչ այնքան բարեկամ երկրներ, որոնց հետ չունենք բարեկամության և դաշնակցության այսպիսի երկար պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք առավել հստակ և օբյեկտիվ էին արտացոլում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»:
Միրզոյանը ընդգծել է, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, շատ կողմեր կան, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, հարթակները և որ հայկական կողմի համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։
Հումանիտար խնդիրների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման հրամայականը: Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկու երկրների դաշնակցային հարաբերությունների լայն օրակարգը։
Ընթերցեք նաև․ Լավրով․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան