13 հոկտեմբերի 2022 - 12:16 AMT
ԱԽ քարտուղար․ Խաղաղության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկվել է խաղաղության պայմանագրի ժամանակացույցը՝ պայմանավորվել են մինչև տարեվերջ խաղաղության այն կնքել և դելիմիտացիա անել։

«Քննարկել ենք այդ հարցը, այսինքն` մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալ։ Խոսել ենք նաև դելիմիտացիայի հարցի մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի լինելու»,-ասել է նա։

Նշելով, որ դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են՝ Գրիգորյանն ասել է, որ ՀՀ-ն մտավախություն ունի, որ խաղաղության պայմանագրից հետո Բաքուն, այսպես կոչված չսահմանազատված սահմանի պատրվակով, կարող է հարձակվել Հայաստանի վրա։

ԱԽ քարտուղարն ասել է, որ 1929-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի գործընթաց է եղել, որը կարելի է հիմք ընդունել՝ ապահովելով ՀՀ 29,800 քկմ տարածքը։

Խոսելով կոմունիկացիաների բացման մասին՝ Գրիգորյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվելու։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: