ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի ընթացքում ելույթում կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։
Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։
Իր ելույթում ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։
Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:
Նիստի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
Ընթերցեք նաև․ Միրզոյանը՝ Լավրովին․ Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է՝ խոսքն արդեն միայն ԼՂ մասին չէ, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի