Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, ըստ որի ՀՀ-ն Ադրբեջանի դրական արձագանքին է սպասում հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու հարցում։
«Հայաստանը պետք է դադարի պատրվակներ որոնել՝ խուսափելու համար Զանգեզուրի միջանցքն ավոտմոբիլային/երկաթուղային ճանապարհներին միացնելու իր պարտավորություններից, որոնք ստանձնել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Լավագույն քաղաքականությունը չէ առաջարկել ոչ իրատեսական տարբերակ՝ անտեսելով 20-ամսյա քննարկումները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
Մինչդեռ հայկական կողմը մշտապես բոլոր մակարդակներով հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքից բացի այլ միջանցք չի հիշատակվում և որ Հայաստանը միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկում։
Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշման նախագիծը արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
Նախագիծը շրջանառության մեջ է դրևվել օգոստոսին ՀՀ ԱԱԾ կողմից, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում է բացել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: