Արցախում բարդ ու եզակի վիրահատություն է կատարվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002-ին ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը՝ ամպուտացված վերին վերջույթով: Նշվում է, որ, բարեբախտաբար, նա իր հետ բժշկական կենտրոն էր բերել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:
Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:
«Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն ու վերականգնել նրա ձեռքը։
Ու մենք այսօր մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա վերականգնողական բուժում»,- ասվում է հաղորդագրության մեջ։