25 հոկտեմբերի 2022 - 14:12 AMT
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ, նաև՝ դիրքեր

ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 24-ին Ջերմուկում էր։ Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)։

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։