Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Սոչիում ակնկալվող ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը, որը նախատեսվում է հոկտեմբերի 31-ին։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում։
«ՌԴ նախագահի կողմից կա հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատել է, թե ոչ», - ասել է նա՝ հավելելով, որ շատ հարցեր են կուտակվել, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պետք է հնչեն:
«Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը։ Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության ու անվտանգության ապահովման գործից», - ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժել էր ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և անհասկանալի է ռուս խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը:
Նա նաև ասել է, որ տարբեր խոսակցություններ են հնչում ինչ-որ միջանցքների մասին, ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսական կողմից։
«Ռուսաստանում էլ կան մարդիկ, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ի և ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների»,-ասել է նա:
Կրեմլում հուսով են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդպիսի եռակողմ հանդիպում նախապատրաստվում է, մենք հուսով ենք, որ այն կկայանա»,- ասել է Պեսկովը: