26 հոկտեմբերի 2022 - 18:14 AMT
Փաշինյան․ ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի այդ կազմակերպությունից։

Նա հույս է հայտնել, որ նիստը հնարավորինս արագ տեղի կունենա։

«Ակնկալիքները շատ հստակ են։ Առաջին ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, դա ոչ միայն կառավարության ակնկալիքն է, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի:‌

Նա նշել է, որ այս երկու որոշման կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում, պատասխան կստանան։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ–ին։ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել խումբ գործուղել Հայաստան և տեղում դիտարկել իրավիճակը։ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում քննարկվելու է այդ խմբի ներկայացրած զեկույցը։