27 հոկտեմբերի 2022 - 12:53 AMT
Արցախում ԱԺ արտահերթ նիստ ու հանրահավաք կանցկացվի

Արցախի Ազգային ժողովի բոլոր քաղուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված ԱՀ արժանապատիվ ու անվտանգ ապագային: Այդ մասին ասվում է խորհրդարանի տարածած հայտարարություն մեջ:

«Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:

Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցին, ասել է, որ այդ պայմանագիրը չի կարող լինել նրա հաշվին, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։