ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է, որ այսօր ադրբեջանական կողմն ու իրենց առանջնորդն ավելի քան ինքնավստահ են, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անտեսում է ամեն ինչ՝ ցանկացած գնահատական, կարծիք։
Դիվանագետն ընդգծել է, որ այս պարագայում հայկական կողմը պետք է փոխի իր կեցվածքը, հայտնում է Panorama.am-ը։
Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ Ալիևն ուզում էր գոնե երկու տարածք, հետո ախորժակը բացվեց, եղավ հինգը, հիմա Արցախն Ադրբեջան է, և ավելին՝ ներխուժել է Հայաստանի տարածք՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքները, գնահատականները։
«Պետք է դուրս գալ 2020 թվականի պատերազմում պարտված լինելու կեցվածքից։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները ժողովրդի աջակցությամբ շատ ամբիցիոզ գաղափարներով, ծրագրերով առաջ գնան, հնչեցնեն դրանք, որոնք պետք է ամրագրված լինեն համապատասխան ծրագրերում, պրակտիկայում իրականություն դառնան։ Մասնավորապես, Հայաստանը պետք է բարձրացնի անվտանգության մակարդակը և որակը։ Առանց դրա չի լինի, առանց դրա չենք կարող փոխենք մեր կեցվածքը գոնե մեր տարածաշրջանում և ավելի լայն վեկտորի հանրության մոտ։
Պարտված լինելու կեցվածքից պետք է դուրս գայինք շատ վաղուց, գոնե մեկ տարի առաջ։ Եվ դա ամիջապես կազդեր բանակցային կոնցեպտը փոխելուն»,- ասել է Ադոնցը։
Նա նշել է, որ պետությունը, ժողովուրդն այսօր մնում են կախված անվտանգության օրակարգից։
«Սա մեզ համար առանջնային խնդիր է։ Այս հարցի լուծումը պետք հիմնված լինի ազգային շահի վրա։ Ո՞րն է ազգային շահը։ Պետք է ձևակերպվի ազգային շահը։
Իմ խորին համոզմունքն է, որ ազգային շահը, երբ խոսում ենք տարածաշրջանի առումով, Արցախի ժողովրդի բոլոր իրավունքների ապահովումն է, երկրորդ՝ անպայման վերագտնել և վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մեջ, որը մենք ունեինք, և դրա մասին բարձրաձայնում են նաև մեր միջազգային շատ գործընկերներ։ Մենք մեր տեղը տարածաշրջանում պետք է գտնենք։ Առանց դրա բոլոր տիպի բանակցությունները, բոլոր տիպի փորձերը և դրանց արդյունքը կլինի այն, ինչ մենք հիմա ունենք այսօր»,- ասել է Ադոնցը։