8 նոյեմբերի 2022 - 12:12 AMT
Գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանում խախտումներ չեն գտել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանում գործող սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման 20 կայանի նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Նշվում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ շարունակաբար հետևողական է լինելու, որպեսզի վկայագրման գործընթացն իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ թույլ չտալով առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։

Հայաստանում ավտոմեքենաների գազաբալոնների ստուգումը պարտադիր է դարձել 2022-ի օգոստոսի 1-ից։ Դա արվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում 2022թ․ փետրվարի 18-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, ըստ որի՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։