Բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ կստեղծվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Խումբը պետք է ներկայացնի նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն:
Ըստ որոշման, աշխատանքային խմբի ղեկավարը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակի և վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.
-Նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն,
-նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ,
-ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն,
-համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն,
-բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն,
-սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաարար Վահրամ Դումանյանը հաստատել է, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը կմիանա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու կդառնա Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։
Սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ, որտեղ կլինի ակադեմիական քաղաքը։ ՀՀ-ում գործում է 16 պետական բուհ։