18 նոյեմբերի 2022 - 16:08 AMT
ԱՀ ՆԳՆ․ Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ահազանգով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։